Հայաստանի կառավարությունը 750 մլն դոլարի եվրաբոնդեր թողարկում, որի նպատակն է միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավելու ճանապարհով ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նոր պարտի ներգրավման հետևաքնով, ինչպես նշեց նախարարը, Կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի, իսկ պետական պարտքը, նրա խոսքով, 8,9 մլրդ դոլարի կհասնի։ «Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս, իսկ միայն կառավարության պարտքի մասով՝ 66 տոկոս, բայց կանխատեսված ՀՆԱ-ի ցուցանիշի պայմաններում», - ասաց նա։
Ըստ նախարարի՝ զարգացող երկրների համար 70 տոկոսից բարձր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, այն դեպքում, երբ հստակ չէ հետվերադարձի սցենարը, համարվում է միջին կամ բարձր ռիսկայնություն ունեցող։ «Դա նշանակում է, որ մենք պետք է հիմա բոլորով իրար հետ դիտարկենք էն սցենարները, որոնք մեզ թույլ կտան պարտքը վերադարձնել կառավարելի միջակայք»,- ասաց նա։
Պարտատոմսերի թողարկումը, մանրամեսնում է նա, պետական բյուջեում նախատեսված է որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր՝ միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավելու ճանապարհով:
Ըստ նրա՝ սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկված պարտքի ներգրավում է, այլ օրենքով 2021 թվականի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացում: «Պարտատոմսերի թողարկման ծավալը 2013 թվականին կազմել է 700 միլիոն դոլար, 2015 ին՝ 10 տարվա մարման ժամկետով՝ 700 միլիոն դոլարի թողարկում է եղել, իսկ 2019-ին թողարկվել է 500 միլիոն», - հիշեցրեց նա: Նախարարը տնտեսական անկման ցուցանիշների վերաբերյալ էլ ասաց, որ այն 7.5 է կազմում, բայց ենթադրվում է, որ այս ամսվա վերջին ՀՆԱ-ի մասին առաջին տեղեկատվությունը կլինի. «2021 թվականի համար կանխատեսված է 3.2 տոկոս աճ, հավակնություններ ունենք, որ ջանքեր ներդնելու դեպքում ավելի բարձր աճ կունենանք, եւ մեծ հնարավորություններ կստեղծվեն»:
Հարցին՝ Բյուջեի օրենքի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ օրենքը բավարար չափով կարգավորել է հարաբերությունները, եւ նոր փոփոխության անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում, ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակում է»։