15.07.2026
Հայ ռազմագերիների վերադարձի հարցում մեր քայլերը շարունակական են լինելու. սենատի նախագահ
01.06.2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցում մեր քայլերը շարունակական են լինելու. սենատի նախագահ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Պարոն Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու քայլերը: Ժերար Լարշեն նշել է, որ Սենատը ևս քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ և կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մենք բարձրացրեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահի առաջ, արդյունքում Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ բանաձևով, որը դրական քայլ է: Մենք սրանով չենք բավարարվում և մեր քայլերը կրելու են շարունակական բնույթ»,- ասել է պարոն Լարշեն` ընդգծելով, որ Ադրբեջանի վերջին նախահարձակ գործողությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են փաստաթղթի ընդունումը: «Ծանր իրավիճակում դա կարևոր նշանակություն ունեցավ, Ղարաբաղի ժողովուրդը տեսավ, որ միայնակ չէ դժվարին պայքարում: Հույս ունենք, որ Ֆրանսիան կշարունակի կարևոր դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի ունեցող գործընթացներին ու ՄԽ-ն առավել կակտիվանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցը քննարկել են նաև նախագահ Մակրոնի հետ: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերն ու անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: