Ղարաբաղյան հարցի լուծմամբ զբաղվում են անձամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները։ Այս մեկ օրվա աշխատանք չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը նշել է Մոսկվայի վճռորոշ դերը անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման գործում: «Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները կան, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից։ Դա մեկ օրվա աշխատանք չէ, և դրանով զբաղվում են անձամբ երեք երկրների առաջնորդները, ինչպես նաև մեր զինվորականները, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը։ Դրանք գործում են լարվածության թուլացման և վստահության հաստատման համար»։ Նա հավելել է, որ ռուս սահմանապահները նաեւ օգնում են «հայ դաշնակիցներին հարցեր լուծել ադրբեջանցի հարևանների հետ»: Ինչ վերաբերում է Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, ապա, Լավրովի խոսքով, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ընթանում է շատ վստահ: «Հայաստանը մեր դաշնակիցն է։ Երեկ հանդիպել ենք Հայաստանի նոր արտաքին գործերի նախարարի հետ, մենք լավ բանակցություններ ենք վարել: Երկկողմ առումով մենք ունենք շատ հարուստ օրակարգ՝ և փոխայցելություններ, և խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում։ Այս ամենը շատ ինտենսիվ և վստահ է ընթանում», - ասաց նա։