Իշխող թիմի ներկայացուցիչներն իրենք են խնդրել եվրոպացի պաշտոնյաներին չանդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այս երեւույթի նախանշաններն արդեն նկատվում են՝ միջազգային ասպարեզում Ցեղասպանության ճանաչման հարցը գործնականում դադարել է շոշափվել։ «Այս տարի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչեր չեղան Թուրքիային, բարձր մակարդակով Ցեղասպանության թեման արծարծվեց միայն Միացյալ Նահանգների նախագահի կողմից՝ ելնելով ներքաղաքական նկատառումներից։ Միջազգային հանրության կոչերը կա՛մ բացակայում են, կա՛մ փոխվում են»,- ասաց նա: Բացառությամբ հույն և կիպրացի պաշտոնյաների, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններ չեն արել։ «Ես հստակ տեղեկություն ունեմ Բրյուսելից, որ իրենք [իշխող վերնախավի ներկայացուցիչները] իրենք են խնդրել, որ ապրիլի 24-ին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները չանդրադառնան Հայոց ցեղասպանությանը և չդատապարտեն Թուրքիային, որպեսզի չխոչընդոտեն հայ-թուրքական գործընթացին»,- ասաց նա։ .