Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսանելի ապագայում անհնար է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումների լուրջ հակասությունների պատճառով։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Տեսանելի ապագայում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնարին է թվում, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են»,- ասաց Բեգլարյանը։ Նա ընդգծել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, նրանց գոյության և պատմական արդարության հարց»։