11.08.2025
Լուսանկարը` Անվտանգության խորհրդի գրասենյակ
10.04.2025
Հանրությունը կտեղեկացվի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի մասին. ԱԽ քարտուղար

Հայաստանի կառավարությունն անպայման կհայտնի հասարակությանը պետության անվտանգության սպառնալիքների առկայության դեպքում։ Այս մասին ապրիլի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով, Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ և հերքում է Ադրբեջանի կողմից հնչող կեղծ մեղադրանքները։ «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ շարունակում է մնալ ուժի մեջ։ Մենք շարունակում ենք հրապարակային խոսել այս մասին և աշխատել այս ուղղությամբ, որպեսզի ունենանք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ», - նշել է ԱԽ քարտուղարը։Պատասխանելով սահմանամերձ շրջաններում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին հարցին՝ Գրիգորյանն ընդգծել է. «Եթե լինի որևէ տեղեկատվություն, որը կապված է Հայաստանի անվտանգության հետ, բնականաբար, մենք այդ տեղեկատվությամբ կիսվելու ենք հասարակության հետ»։ Այն հարցին, թե արդյոք նա տեսնում է պատերազմի վտանգ, Գրիգորյանը կրկնել է. «Եթե մենք տեսնենք Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալիք, բնականաբար, կիսվելու ենք հասարակության հետ։ Եթե մեզ մոտ լինի որևէ տեղեկատվություն, որը վերաբերում է Հայաստանի անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, մենք կիսվելու ենք դրանով հասարակության հետ»։ Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար կեղծ մեղադրանքներ է հնչեցնում հայկական կողմի հասցեին՝ պնդելով, թե սահմանի տարբեր հատվածներում հայկական զինված ուժերը իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի բոլոր նման մեղադրանքները։