Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով։ Ադրբեջանական մեդիաները Իրանի արտգործնախարարության անունից տարածեցին լուրեր այն մասին, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է և շուտով Թուրքիայում քննարկվելու են դրա բացման տեխնիկական մանրամասները։ Բարեբախտաբար, նման բան չկա. իրանական կողմը շատ արագ հերքեց ամեն բան։ Սակայն արդբեջանական այս գրոհը հիշեցնում է 3 կարևոր բան. 1. Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը։ Այն կապված է մի շարք հանգամանքներով (մասնավորապես՝ շինարարության ժամկետներով)։ Երեկվա գրոհը դրա վաղ նշաններից է։ 2. Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք։ Իրանի վրա արևմտյան ճնշման մեծացման պարագայում այս՝ մեզ համար խիստ շահեկան դիրքորոշումը կարող է փոփոխվել։ 3. Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ոչ միայն դասական մարտի դաշտում է, այլ նաև տեղեկատվական մարտադաշտում։ Երեկվա գրոհը դրա վառ վկայությունն է։ Ուստի կարևոր է չտարածել թուրքական կազմակերպված քարոզչությունը։ Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք այսպես կոչված միջանցքի մասին համապարփակ հետազոտություն, որը կօգնի հնարավորինս մանրամասն հասկանալ ու պատկերացնել այդ սպառնալիքի էությունը և որոշ հակաքայլեր մշակել։ Թուրքագետ Վարուժան Գեղամյան