Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հունվարի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»,- գրել է Հարությունյանը։