ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց էին իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք էին կազմակերպել։ VERELQ-ին Հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի 3 քննիչներից երկուսը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։