Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վարկերը, ովքեր Հայաստանի բանկերից դրանք ստացել են ոսկու գրավադրմամբ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 3-ի նիստում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումը վերաբերում է ոսկով ապաhովված 6 000 վարկերի: Նախագծով որոշվել է ներել մինչև 5 միլիոն դրամի մնացորդային վարկերը։ 6 000 վարկերի էական մասը մինչև 500 000 դրամի չափով են։ Վարկառուները պարտքի ներման կարող են համաձայնագիր կնքել։ Անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն, որից հետո կկազմակերպվի ոսկիների հետվերադարձը։ VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է սկսել Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը: Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել այն մասին, որ բոլոր պետական հիմնարկները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Արցախի բնակիչները զանգվածաբար ստիպված լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: