ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից: Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի ԱՕԿՍ-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան: Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ ԱՕԿՍ-ի հաշվեկշռին, հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը: Հետագայում՝ 1992 թվականի հուլիսի 30-ին, ստեղծվել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի հանդես է եկել որպես Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ և 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել էր «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական: Նկատի ունենալով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները: Հայցադիմումը Վարչական դատարան էր մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 22-ին: 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքվել էր հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք էր արվել Վարչական դատարան: Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է: