24.11.2024
ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին

Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ին. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն մշակվել է համաձայն «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի՝ նախատեսված տեղեկությունների ավտոմատ փոխանակման պահանջն ապահովելու նպատակով:


«Ֆինանսական հաստատություններն այլ երկրի ռեզիդենտների վերաբերյալ տվյալներ հավաքելիս պարտավոր են իրենց երկրի հարկային մարմին ներկայացնել այդ ռեզիդենտների մասին ընդհանրական բնույթի տվյալներ: Իսկ հարկային մարմինները, որոնք միացել են համաձայնագրին, դրանք փոխանակում են միմյանց միջեւ»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը:


Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքը, եւ հաջորդ քայլը ներքին օրենսդրությամբ ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մշակումն է:


ՀՀ ՊԵԿ նախագահը կարեւորել է նախագծի ընդունումը վարչարարության գործիքակազմը, տեղեկատվության աղբյուրները եւ վերլուծական կարողություններն ընդլայնելու տեսանկյունից:


Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: