24.11.2024
Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
prev Նախորդ նորություն

Խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Կարեւորում ենք Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում: Ուրախ ենք, որ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական կապերը եւս դինամիկ զարգանում են: Անգնահատելի է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը` ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում:


Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 5-ին, որին մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Լուսինե Բադալյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը:


«Էքս-ան-Պրովանսն առաջին քաղաքներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք ունենք մեծ հայկական համայնք, շատ ընկերներ: Կարծում եմ, որ պետք է ավելի խորացնենք մեր ընկերությունն ու բարեկամությունը, ընդլայնենք համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասել է Սոֆի Ժուասենը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի սեպտեմբերին Էքս-ան-Պրովանսում նախատեսվում է 15 օր նվիրել Հայաստանին` ի նշան բարեկամության եւ շարունակական համագործակցության:


Նշելով, որ 2021 թվականից Հայաստանը բավականին բարդ ժամանակաշրջան է ապրում, Սոֆի Ժուասենը պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու հարցում:


ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն իր գոհունակությունն է հայտնել Ֆրանսիային ռազմաքաղաքական աջակցության, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային մարդասիրական բոլոր նախաձեռնությունների համար:


Բարեկամական խմբի անդամները եւս շնորհակալություն են հայտնել Ֆրանսիային` Հայաստանի կողքին լինելու համար: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: