Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ է համարում Հայաստանի և Իրանի հարաբերությունների շարունակական զարգացումը՝ երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ և հովանավորությամբ մեր երկրները կխորացնեն փոխգործակցությունը բոլոր ուղղություններով և կնախանշեն համագործակցության ընդլայնմանը միտված ռազմավարական նոր ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես երկու երկրների բարեկամության ամրապնդմանը, այնպես էլ տարածաշրջանի կայունությանն ու բնականոն զարգացմանը: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։ Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի և Իրանի բարեկամությունը խարսխված է փոխվստահության, անկեղծության, հարգանքի և կառուցողական երկխոսության վրա, որոնք ամուր հիմք են հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին կարողանալու ենք մեր երկու երկրների բարեկամական փոխգործակցությունը հասցնել որակական նոր մակարդակի՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»։