ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, քաղաքացիներին հասնող բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաեւ տեսալսողական մեդիայի ոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով Կառավարությունն առաջարկում է սահմանել նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Մասնավորապես, երբ խոսում ենք տեսալսողական մեդիա հաղորդումների եւ տարատեսակ ծրագրերի մասին, մենք պետք է ընդգծենք, որ հանրային մուլտիպլեքսում առկա են մի քանի շերտեր: Դրանք այն 26 հեռուստաալիքներն են, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն 100 տոկոսանոց սփռում եւ անվճար են մեր քաղաքացիների համար»,- ընդգծել է զեկուցողը: Ըստ նախարարի՝ օրենքում նախատեսվող նոր փոփոխություններով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները տարածել նաեւ ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի վրա: Մեկ այլ փոփոխությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերեւույթ խախտումներ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից: «Վարույթ հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումն այլեւս չհեռարձակի մինչեւ այն պահը, երբ կայացված կլինի վերջնական որոշումը: Դա չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը: Նախագծով նաեւ սահմանվել են ցանցային օպերատորին տրված լիցենզիայի կասեցման եւ դադարեցման հիմքերն ու դրանց կիրառման մեխանիզմները: Նախարարի տեղեկացմամբ առաջարկվող բոլոր կարգավորումները վերցված են դեռեւս 2010 թվականից Եվրոպական միության համապատասխան տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող դիրեկտիվներից: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող փոփոխություններին ու որոշ ձեւակերպումներին: Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի խոսքով նախագծով ՀՌՀ-ի վրա հավելյալ մշտադիտարկում իրականացնելու պարտավորություն է դրվում: Պատգամավորը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի տված դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը: Ելույթներում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են հայտնել առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հակափաստարկներ է ներկայացրել ընդդիմադիր գործընկերների հնչեցրած տեսակետների վերաբերյալ: Պատգամավորի խոսքով օրենքով հնարավորություն կտրվի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա միջամտությունից: Առաջին ընթերցմամբ ներկայացված նախաձեռնությունը քննարկվել է փետրվարի 11-ի ԱԺ նիստում: