Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին հաջորդելու է նախագահների եռակողմ հանդիպումը՝ Սարգսյան-Ալիև-Պուտին ձևաչափով: Նախքան այդ նախագահ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացառում: «Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995 թվականներին կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,- «Արմենպրեսսի» հաղորդմամբ ասել է ՀՀ նախագահը: Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին: