Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ուեսս Միթչելը շեշտեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։ Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձան հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին` նախարար Մնացականյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներիարժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: