28.11.2024
Մամուլ. Ինչո՞ւ էր Միլլերն այլցելել Երևան և արդյոք դա կապ ո՞ւնի ԱՄՆ դեսպանի առաջարկի հետ
21.06.2017
Մամուլ. Ինչո՞ւ էր Միլլերն այլցելել Երևան և արդյոք դա կապ ո՞ւնի ԱՄՆ դեսպանի առաջարկի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Առավոտ» թերթը գրում է. «Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: ԱՄՆ առաջարկը ներկայումս լրջագույն քննարկման փուլում է, եւ ՀՀ իշխանությունները թայմ-աութ են վերցրել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու որոշում կայացնելու համար»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 մլրդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին հայտարարությանը: «Վստահ եմ, որ արձագանք կլինի, քանի որ սա ունիկալ հնարավորություն է մոդեռնիզացնելու Հայաստանը եւ Իրանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված եւ համապարփակ համագործակցություն հաստատելու համար: Եթե մեր հասարակության համար ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում 8 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանի համար, ապա ասեմ՝ մոտավորապես այդքան է գնահատվում NABUCCO գազատարի գինը, որը նախատեսում էր ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա, որը առաջինը՝ շրջանցում էր Հայաստանը, երկրորդը՝ հսկայական գազադոլարների մուտք էր ապահովելու Ադրբեջանի բյուջե, եւ երրորդը՝ այն տապալվեց, քանի որ ԱՄՆ էներգետիկ ընկերությունները չհամաձայնեցին ներդրում անել այդ նախագծի մեջ: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գին ու նշանակություն ունի այս առաջարկությունը, որին ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի եւ հայտնի իր հանձնառությունը շարունակելու երկխոսությունն այս ուղղությամբ»,-հավելեց մեր զրուցակիցը»: Միևնույն ժամանակ ոլորտի փորձագետները սակայն մի կողմից ԱՄՆ-ը ութ մլրդ դոլարի ներդրման հայտարարությունը համարում են անիրատեսական, քանի որ ՀՀ էներգետիկ ոլորտն ուղղակի չի կարող մարսել այդքան գումար: Մյուս կողմից, նրանք այդ հայտարարությունը ընկալում են էներգետիկ դիվանագիտության մի մաս և համեմամտում ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանի՝ Թեհրանը պատրաստ է Երևանին 1000 խորհանարդ մետր գազը 100 դոլարով ռաքելու մասին արտահայտության հետ: «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող եւս մեկ առեւտրի կենտրոն կբացվի Երեւան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում: Երեւան քաղաքի Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում արդեն կանգուն է «Ռիո մոլ»-ի շենքը, այժմ ներքին հարդարման աշխատանքներ է կատարվում: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այս մոլն իր մակերեսով զիջում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող եւ առաջիկայում շահագործման հանձնվող «Մեգա մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնին ե՛ւ մակերեսով, ե՛ւ նախատեսվող ժամանցի, սպասարկման ծառայություններով: «Ռիո մոլ»-ի ընդհանուր մակերեսը 22 հազար քառակուսի մետր է, մինչդեռ «Մեգ մոլլ»-ը մեծ է 2 անգամ: Սամվել Ալեքսանյանի նոր մոլի մակերեսը 57 հազար քառակուսի մետր է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ռիո մոլ»-ի կառուցապատումն արժեցել է 40 միլիոն դոլար: Մոլի կառուցումը սկսվեց երկու տարի առաջ: «Ռիո մոլ»-ում նախատեսված է, որ պետք է լինեն բանկերի մասնաճյուղեր, տարադրամի փոխանակման կետեր, կարի արհեստանոց, մոլի շենքի դիմաց՝ ավտոկայանատեղի: Ժամանցի համար առաջարկվում է կարտինգի մանկական սրահ եւ կինոթատրոն, արդեն պայմանավորվածություն կա «Սինեմ Սթար»-ի հետ: Արագ սննդի բաժնում, բնականաբար, կլինի «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցի պիցերիան, ռեստորան եւ սրճարան: «Ռիո մոլ»-ում նախատեսված է սուպերմարկետ, հագուստի, կոշկեղենի, պարֆումերիայի, աքսեսուարների եւ էլեկտրոնիկայի վաճառքի կետեր: «Ռիո» առեւտրի կենտրոնի առավելությունը համարում է հարկից փողոցների, Սարալանջի մայրուղուն հատող տարածքում գտնվելը, ինչպես նաեւ այն, որ կառուցվել է Արաբկիր վարչական շրջանում: Առեւտրի կենտրոնում նախատեսված է, որ լինեն 100-ից ավելի ռուսական եւ այլ երկրների հայտնի բրենդներ: Նշենք, որ Երեւան քաղաքում առաջին մոլը բացվեց Տաշիր ընկերությունների խմբի կողմից Դալմայի այգիների մոտ եւ կոչվեց «Դալմա գարդեն մոլ»: Հ.Գ. Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության կնքահայրն է եւ ինչպես երեւում է՝ նրանք իրենց բիզնես գործունեությունն այնպես են իրականացնում, որ միմյանց չխանգարեն: Օրինակ՝ Երեւանի նույն թաղամասում իրար մրցակից չեն դառնում, նմանատիպ բիզնես մի վայրում չեն հիմնում եւ այլն»: «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով: Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ եւ սարքավորումներ» հոդվածով: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է ավագանու որոշումների ուսումնասիրությունից: Նշենք, որ ավագանու հունիսի 6-ի նիստը վարել է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի, որը մահացել էր: Վրաերթ կատարած մեքենան «Նիսսան տիանա» մակնիշի էր՝ «444 LL 70» պետհամարանիշով»: «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի օրակարգի նախագծից տեղեկացանք, որ Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը նոյեմբերի 5-ին է՝ չորս ամիս անց: Այս նախագիծը կառավարության հավանությանը կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Իսկ մինչ ընտրությունները՝ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պատգամավորի իր գործունեությանը զուգահեռ, շարունակում է դե ֆակտո «քաղաքապետություն» անել Արտաշատում, ընդ որում՝ ավելի լայն թափով ու էնտուզիազմով, քան երբ պաշտոնավարում էր: Ասենք, օրինակ, այժմ քաղաքում աղբահանությունն ավելի օպերատիվ է իրականացվում, քաղաքն ավելի մաքուր տեսք ունի, քան երբ Արգամ Հովիկիչը քաղաքապետ էր: Աբրահամյանը, բացի այդ, իր միջոցներով նաեւ տոնական միջոցառումներ է կազմակերպում, ասֆալտապատում է քաղաքի որոշ փողոցներ: Նախկին քաղաքապետը չի զլանում իր կատարած աշխատանքների մասին վկայող ֆոտոներ տեղադրել ՖԲ-ի իր էջում: Մի քանի օր առաջ էլ գրառում է կատարել. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից եւ շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել եւ ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը»: Քաղաքային բնակչությունը սա որակում է «ընտրություններից առաջ բնակիչների աչքը մտնելու ձեւ»: Աբրահամյանների նախանշած քաղաքապետի թեկնածուն՝ Գագիկ Պողոսյանը, ով, ըստ լուրերի, Գերմանիայում բիզնես է ուզում դնել, բայց համառորեն հերքում է դա, իր հերթին կիսվում է Աբրահամյանի էջի նորություններով: Տպավորություն է, թե նախկին քաղաքապետը մտադիր է կրկին առաջադրվել եւ սկսել է իր PR արշավը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, նկատենք, ոչ թե Գագիկ Պողոսյանն է, այլ փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը, ով, իտարբերություն Պողոսյանի, քաղաքապետարանում աշխատելու երկարամյա փորձ ունի»: «Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը եւ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար հավաքվում, զրուցում, զբոսնում են Երեւանի կենտրոնում, երբեմն հանգրվանում «Մետելիցա» սրճարանում։ Այս պաշտոնյաները վերջին փուլի «օպտիմալացվածներն» են։ Ավելի վաղ աշխատանքից ազատված գյուղնախի նախկին պաշտոնյաներից ոմանք, սակայն, արդեն գործ են գտել, մենք տեղեկացանք, որ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այժմ ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպություն) խորհրդատուներից է, իսկ Սամվել Գալստյանն աշխատում է «Սպայկա» ընկերությունում։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսության փոխնախարարներն ազատվել էին պաշտոնից 2016թ․ հունիսին։ Սամվել Գալստյանը գյուղնախարարի տեղակալ էր նշանակվել 2003-ին, Գառնիկ Պետրոսյանը` 2012-ին: Նրանք հեռացան Կարեն Կարապետյանի օպտիմալացումների արդյունքում»: