30.11.2024
Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի զենքի խմբաքանակ. Սերժ Սարգսյան
01.11.2017
Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի զենքի խմբաքանակ. Սերժ Սարգսյան

Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո:   Նախագահը նշել է, որ մինչև այս տարեվերջ կիրականացվի դեռ նախորդ պայմանագիրը: «Օրերս սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նախագահը: Հիշեցնենք, 2015 թվականին ստորագրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր՝ ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար: «Երևանում արդեն ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյանները, այնուհետև՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- ընդգծել է ՀՀ նախագահը: Օրերս ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ կառավարությունը մինչև տարեվերջ կստորագրի հայ-ռուսական համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանը 100 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին: Հայաստանի կառավարությունը հայ-ռուսական համաձայնագրին հավանություն էր տվել հոկտեմբերի 12-ի նիստում։ Ըստ համաձայնագրի, 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: