Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը: Դիմելով մասնակիցներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար հայտարարեց, որ Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: «Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք հնարավորությամբ՝ ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության Բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, այս նիստը կարևոր է նաև այն առումով, որ դրան մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետ տարվում են ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ: ՀՀ վարչապետն իր ելույթի վերջում արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին: