22.05.2025
Կառավարությունը բարձունք է հանձնում. Վիգեն Սարգսյան
12.03.2019
Կառավարությունը բարձունք է հանձնում. Վիգեն Սարգսյան

Կառավարությունը բարձունք է հանձնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: «Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ և կարող երիտասարդներին` փոշիացվելու է: Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաեւ ռազմական կրթություն: Կոչ եմ անում մեր ողջ հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կանգնել պաշտպանության նախարարության կողքին և թույլ չտալ զրկել մեր ապագա սպաներին լավագույն կրթական հնարավորություններից: Մոնթե` ճանապարհ դեպի բարձունք»: