Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Ուկրաինայի նախագահին հղված հեռագրում ասված է. «Հարգելի պարոն Զելենսկի, Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք Ուկրաինայի բարեկամ ժողովրդի կողքին ենք»: Իրանի նախագահին հղված հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա հունվարի 8-ին Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայ ժողովրդի անունից իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին»: