«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։ Այս մասին ասված է «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարության մեջ: «Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը: Ընտրություններից հետո նման ուժերի հետ որեւէ համագործակցություն լինել չի՛ կարող։ Նրանց պետք է հեռացնել իշխանությունից եւ ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։ Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ։ Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»,- ասված է հայտարարության մեջ: