ՀԺ-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու: Ըստ այդմ, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Տեղեկությունը հայտնում է armtimes.com–ը։ Վերջինիս մամուլի խոսնակը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է` երբ հստակություն լինի, հայտարարություն կանեն: Դիտարկմանը, որ իրենց տեղեկություններով` արդեն համարն է որոշված, Աննա Մկրտչյանն ասել է, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ և տեղեկությունը ճշտել: Armtimes.com–ի տեղեկություններով` ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը լրատվամիջոցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը: Ինչպես հայտնի է, մայիսի 26-ը ԿԸՀ-ին ցուցակների տրամադրման վերջնաժամկետն է: ԿԸՀ-ին դրանք տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել: