Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, ով նախօրեին իր աջակցությունն էր հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարել է, որ վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր լիազորությունները։ «Սիրելի երևանցիներ, ելնելով ստեղծված իրավիճակից, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարիների ընթացքում հեղինակել եմ մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իմ ներդրումն եմ ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել եմ երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում: Ամենակարևորը՝ հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս և 2018-ի հեղափոխության արժեքներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար: Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին միասին անցած բարդ ճանապարհի համար», - Facebook-ում գրել է Երիցյանը։