Կառավարությունը Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ է կառուցում հիմա և շարունակելու է դա անել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից՝ Հյուսիս-հարավի Քաջարան- Սիսիան հատվածից, մինչև դաշտամիջյան ճանապարհներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով, տարբեր նշանակության ճանապարհների կառուցման բազմաթիվ ծրագրեր կան: Անդրադառնալով վերջին իրադարձություններին, նա նշեց. «Որոտան, Բարձրավան, Շուռնուխ՝ բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են: Այս համայնքները կապ ունեն, տրանսպորտ կա»,- հավաստիացրեց նախարարը։