30.12.2025
Մարդասիրական օգնության հատուկ չվերթը Երևանից Բեյրութ կմեկնի շաբաթ օրը. Ավինյան
06.08.2020
Մարդասիրական օգնության հատուկ չվերթը Երևանից Բեյրութ կմեկնի շաբաթ օրը. Ավինյան

Մարդասիրական օգնության հատուկ չվերթը Երևանից Բեյրութ կմեկնի շաբաթ օրը: Այս մասին այսօր ՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով, ներկայում քննարկվում է հումանիտար չվերթի իրականացման մի քանի տարբերակ, իսկ օրվա վերջում վերջնականապես կհստակեցվի ուղարկվող բեռի կազմը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը հայտնել էր, որ ԱԳՆ-ն եւ Սփյուռքի հարցերով հանձնակատարը մշտական կապի մեջ են Լիբանանի կառավարության եւ հայ համայնքի ղեկավարների հետ ՝ եղբայրական երկրին օգնություն ցուցաբերելու համար: VERELQ-ը հիշեցնում է, որ հզոր պայթյուններ են որոտացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստային գոտում ։ Այս պահին հաղորդվում է աղետի հետեւանքով 137 զոհվածների եւ մոտ 5 հազար տուժածների մասին: 300 հազար քաղաքացիներ անօթեւան են մնացել, պայթյունի հետեւանքով վնասը գնահատվում է առնվազն 3 մլրդ դոլար: Զոհվածների թվում կա 11 հայ: Բեյրութի նավահանգստում պայթյունի ալիքը քանդել է հսկայական քանակությամբ շենքեր, կոտրվել են ապակիներն ու դռները։ Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը։ Պայթյունները զգացել են նույնիսկ Կիպրոսում։ Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստային գոտում հզոր պայթյունների պատճառ են դարձել 6 տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից առգրավված և պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան: Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել եւ նախարարների կաբինետին խորհուրդ է տվել մայրաքաղաքում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարել: