23.02.2026
Թուրքիան վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը. ԱԳՆ
10.12.2020
Թուրքիան վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը. ԱԳՆ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետեւանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին: Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով գոյացած հումանիտար ճգնաժամը եւ դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունն է հրավիրել պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային եւ հստակ դիրքորոշման համար։