Այսօր սոցիալական ցանցերում շրջանառության մեջ է դրվել մի "տեղեկություն", համաձայն որի, իբր "ադրբեջանցիները զանգում են արցախցիներին և վերջիններիս առաջարկում վաճառել իրենց բնակարանները..": Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ մասին ահազանգում են նաև հանրային ճանաչում ունեցող ոչ պատահական մարդիկ և կատարվածը ներկայացնում որպես Բաքվի կողմից արցախցիների վրա իրականացվող հոգեբանական գրոհ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: "Նախ, ասեմ, որ արցախցիները սովորություն ունեն իրենց սեփականությունը "վաճառելուց" առաջ գինը սակարկել ոչ թե հեռախոսազանգով, այլ հավանական գնորդի աչքերի մեջ ուղիղ նայելով: Եվ երկրորդ, երևի հիշո՞ւմ եք, թե ինչպես էին 44-օրյա պատերազմի օրերին լուրեր տարածվում, որ կան մարդիկ, ովքեր առաջին գծում խուճապային տրամադրություններ են ստեղծում առ այն, թե իբր հողերն արդեն ծախված են և անիմաստ է պատերազմել... Եթե դա հիշում եք, ապա կհիշեք նաև, թե ինչ խողովակներով էին դրանք տարածվում: Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում տարածվող տեղեկության սկզբնաղյուրները շարունակում են մնալ չբացահայտված: Այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ...",- գրել է նա: