8.03.2026
Վաղը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
08.11.2021
Վաղը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը: Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթ: 1-ին. Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ. ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն: 2-րդ. ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում: 3-րդ. Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։ «Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը: Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարադատության հիմնարար հասկացությունների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լաոթոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս շտկելու անարդարության և անպատժելիության այս ընթացքը: Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ են անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Հայ դատի հանձնախումբն աշխատում է Թիմ Լաութոնի կողմից ներկայացված օրինագծի անցկացման ուղղությամբ",- ասված է հաղորդագրության մեջ: