2.11.2025
Թուրքական ապրանքների ներկրման արգելքը կվերանա՞
23.12.2021
Թուրքական ապրանքների ներկրման արգելքը կվերանա՞

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնելու վերաբերյալ դեռ որոշում չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: "Այս պահին դեռ որոշում չկա: Արգելքի ժամկետը մինչև այս տարվա վերջն է: Եթե արգելքը նորից երկարացնելու որոշում չկայացվի, ապա այն ավտոմատ կվերանա",- ասել է պատգամավորը: Նա նաև պարզաբանել է, որ կառավարության որոշում այս մասով դեռևս չկա. "Կա առաջարկ, որը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, որը պետք է համապատասխան ընթացակարգեր անցնի, կարծիքներ հավաքի, հետո արդեն կառավարությունում որոշում կայացվի՝ արդյոք այդ արգելքը երկարացվում է, թե ոչ",- ասել է նա: Ավելի վաղ տնտեսագետ Սուրեն Պարսյանը հայտարարել էր, որ թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման պայմաններում ճիշտ չէ թուլացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Հակառակ դեպքում հայկական շուկա կլցվեն էժան գնով թուրքական ապրանքներ, որոնք մեծ հարված կհասցնեն ոչ միայն տեղական, այլ նաև ՀՀ գործընկեր երկրների ապրանքների իրացմանը: