17.03.2026
 Կիրակոսյան․ Խաղաղությունը սկսվում է գերիների անհապաղ վերադարձից
01.10.2025
Կիրակոսյան․ Խաղաղությունը սկսվում է գերիների անհապաղ վերադարձից

Խաղաղության հասկացությունը, ըստ ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանի, նախ և առաջ ենթադրում է հումանիտար խնդիրների անմիջական լուծում։ Այս մասին նա նշեց հոկտեմբերի 1-ին՝ Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքներին նվիրված քննարկման ժամանակ։ Կիրակոսյանի խոսքով՝ խաղաղության տրամաբանությունը հատկապես արտահայտվում է գերեվարված անձանց վերադարձի հարցում. «Ժնևյան կոնվենցիաները պարտավորեցնում են հակամարտող կողմերին անհապաղ վերադարձնել գերիներին հենց այն պահից, երբ դադարեցնում են ռազմական գործողությունները։ Սա խաղաղության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է․ եթե պատերազմը կանգ է առնում, պետք է անմիջապես վերադարձվեն նաև գերիները», – ընդգծեց նա։ Միջազգային իրավունքի մասնագետը նաև շեշտեց, որ իրավական գործընթացները խաղաղության կառուցման հիմնաքարերն են։ Դրանք ոչ միայն օգնում են փաստերի ապացուցման գործում, այլև կարևոր դեր ունեն պատմականորեն բարդ հակամարտությունների լուծման և համաձայնությունների ձևավորման ճանապարհին։ «Այդպիսի հակամարտություններում առկա է նաև նարատիվների պայքար։ Յուրաքանչյուր կողմ, հատկապես ոչ ժողովրդավարական ռեժիմները, փորձում են իրենց “ճշմարտությունը” դարձնել գերիշխող։ Իսկ միջազգային իրավունքի իմաստն ու ամբողջ նորմատիվ համակարգի նպատակը հենց խաղաղությունն է», – նշեց Կիրակոսյանը։