Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցության խորացման առկա ներուժի իրացման հնարավորություններին: ՀՀ փոխվարչապետը և Իրանի նախարարը մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում երկու երկրների համագործակցության առկա ներուժի շուրջ: