29.09.2024
ՀՀ-ի ինքնիշխանությունն և պետության գոյությունը դրված հարվածի տակ․ Սարգսյան
21.09.2021
ՀՀ-ի ինքնիշխանությունն և պետության գոյությունը դրված հարվածի տակ․ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ «Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև: Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար: Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից: Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել: Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում: Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում: Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում: Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին: Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին: Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ: Բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին: Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու: Անկախության տոնը դեռ տոնելու ենք»: