ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները, որի ժամանակ ընտրել է նոր Բյուրո: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը: Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները. այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները: Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո, ընտրեց կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո: ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝ Վիգեն Բաղումյան (Իրան) Դավիթ Իշխանյան (Արցախ) Արսեն Համբարձումյան (Հայաստան) Կիրո Մանոյան (Հայաստան) Մկրտիչ Մկրտիչյան (Լիբանան) Խաժակ Մկրտիչյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Արմեն Ռուստամյան (Հայաստան) Հովսեփ Տեր-Գևորգյան (Եվրոպա) Րաֆֆի Տոնապետյան (Կանադա) Մուրադ Փափազյան (Եվրոպա):