Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նա ԵՄ դեսպանին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազարից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: