Իրանի հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել, որը պետք է իրականացվեր շիաների կողմից իրենց մարտիրոսների ոգեկոչման արարողության ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության ու ազգային անվտանգության նախարար Մահմուդ Ալավին: Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ, նա ասել է, որ երկրի հատուկ ծառայությունները ձերբակալել են օտարերկրյա ահաբեկիչների խմբի և առգրավել են պայթուցիկ նյութեր. «Այդ գործողության ընթացքում մի շարք ահաբեկիչներ, որոնք չեն հանդիսացել Իրանի քաղաքացիներ, ձերբակալվել են, ինչպես նաև հայտնաբերվել են ավելի քան 100 կիլոգրամ պայթուցիկ և այլ սարքավորումներ, որոնք պատկանել են ահաբեկիչներին»: Ալավին մանրամասնել է, որ այդ գործողությունն իրականացվել է երկրի հարավում գտնվող Ֆարս նահանգում: Նա, սակայն, չի մանրամասնել, թե երբ է իրականացվել այդ գործողությունը և որ խմբավորմանն են պատկանում ձերբակալվածները: