Սարգսյան. Հայաստանում ներդրում կատարելով հնարավորություն է ընձեռվում դուրս գալ հսկայական տարածք
Որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանում ներդրում կատարելով հնարավորություն է ընձեռվում դուրս գալ հսկայական տարածք, որտեղ գործում են չորս հիմնական «ազատություններ»` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Այս մասին Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» իր ելույթում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանն արդեն ոչ թե 3 միլիոն ժողովուրդ ունեցող պետություն է, այլ մեծ շուկայի մաս, որն ունի 200 միլիոն մարդկանցով տարածք»,- նշել է նա:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում ԵԱՏՄ անդամ պետություններում քիչ աշխատանք չի տարվել այդ չորս «ազատությունների» ապահովման համար, Սարգսյանի խոսքով, դեռևս շատ անելիք կա, որպեսզի դրանք վերջնականապես ներդրվեն միության ողջ տարածքում: Կարևորը, նրա խոսքով, այն է, որ անդամ հինգ պետություններն ունեն այդ վճռականությունը`ԵԱՏՄ-ն դարձնելու լիարժեք ու ժամանակակից տնտեսական միավորում:
«ԵԱՏՄ-ն հանդիսանում է երիտասարդ ինտեգրացիոն միություն, որում նորմերը և օրենքները գտնվում են ակտիվ մշակման և ներդրման փուլում: Դրա հետ կապված` ներդրողները կարող են իրենց հետ բերել փորձ և լավագույն պրակտիկան` այդ նորմերի մշակման գործընթացում: ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միավորում է, որը բաց է համագործակցության համար յուրաքանչյուր երկրի հետ: Մենք պաշտպանում ենք ավելի լավ փոխգործակցությունը, մենք չենք փակում, այլ բացում ենք շուկաներ, քանի որ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն է`բարելավել մեր երկրների քաղաքացիների կյանքի որակը»,- հավելել է Տիգրան Սարգսյանը: