ՌԴ ԱԻՆ-ի ԻԼ-76-ն առավոտյան իրականացրել է առաջին թռիչքը
Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացում են, որ ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին (08:50-ին) իրականացնում է առաջին թռիչքը:
Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ը, հաշվի առնելով ՀՀ կառավարության դիմումը, որոշում է կայացրել Հայաստան ուղարկել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող Իլ-76 ինքնաթիռը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, սակայն հրդեհը մարել մի քանի օր անց չի հաջողվում: Այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են, դրանց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:
Բնապահպաններն ահազանգում են, որ եթե հրդեհը չհաջողվի մարել, ապա ոչնչացման վտանգի առաջ է 35 հազար հեկտար տարածք, իսկ էկոհամակարգը վերականգնելու համար մի քանի տասնամյակ կպահանջվի: