Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է մարդահամարը: Այդ մասին հայտնում են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի վարչությունից: Մարդահամարը կազմակերպելու եւ անցկացնելու համար ստեղծված են Հանրապետական, Ստեփանակերտի քաղաքային եւ 7 շրջանային հանձնաժողովներ, 9 մարդահամարի, 90 հրահանգչական եւ 501 հաշվային տեղամասեր: Մարդահամարը կտեւի մինչեւ դեկտեմբերի 9-ը ներառյալ: Նախնական տվյալները հայտնի կլինեն 2016թ. ապրիլի սկզբին, իսկ վերջնականը` 2016թ. ավարտին, հայտնում է Մեդիամաքսը: Նշենք, որ համաձայն «Մարդահամարի մասին» ԼՂՀ օրենքի` Արցախում մարդահամար է անցկացվում 10 տարին մեկ եւ սա հանրապետության անկախության պատմության մեջ երկրորդ տարիներին թվով 2-րդն է: «2005թ. անցկացված առաջին մարդահամարից հետո մեր երկրում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական էական փոփոխություններ, բնակչության թվաքանակի, տեղաբաշխման, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական ակտիվության, տնային տնտեսությունների բնակության պայմանների, կենսամակարդակի եւ այլ բնութագրիչների հետ կապված: Տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների ուղի բռնած Արցախի համար շատ կարեւոր է ապահովել մարդահամարների պարբերաբար անցկացումը, քանի որ դրանց արդյունքներն էական նշանակություն կունենան երկրի պետական եւ տնտեսական քաղաքականության մշակման, պլանավորման եւ կառավարման համար»,- նշել են ԼՂՀ ԱՎԾ Մարդահամարի վարչությունում: Վարչությունում ընդգծել են նաեւ, որ մարդահամարը հնարավորություն կտա ուսումնասիրել հասարակական եւ տնտեսական մակարդակներում տեղ գտած փոփոխություններն ու կանխորոշել հետագա առաջընթացի նոր ուղղություններն ու սկզբունքները: 2005թ. մարդահամարի տվյալներով՝ ԼՂՀ բնակչության թիվը կազմել է 137 հազ. մարդ։