Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում համատեղ հռչակագիր կստորագրեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների երկկողմ և եռակողմ հանդիպումներից հետո Յըլմազը հայտարարել է, որ այսօրվա հանդիպումները շատ կարևոր են ռազմական ոլորտում տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին հայտարարել է, որ երեք երկրների միջև համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում ու աշծարհում խաղաղության հաստատմանը: Նա նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի ռազմական անվտանգության ապագան կապված է ՆԱՏՕ-ի հետ, փոխանցում է ԱՊԱ-ն: Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուդադրություն է դարձրել երկների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը: Նա նշել է, որ այսօր կայացած կարևոր որոշումները կնպաստեն երեք եղբայր երկրների զինված ուժերի ամրապնդմանը, իսկ իրենք կօգտագործեն Թուրքիայի ու Վրաստանի փորձը՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում: