1.07.2025
12.05.2016
"Իմ նախկին գործընկերների հետ չեմ պատրաստվում գնալ ընտրությունների"

Մարտի 10-ին Վահան Բաբայանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ մայիսի սկզբին պատգամավորը հայտարարեց, որ մտադիր է ռեֆորմիստական կուսակցություն ստեղծել: VERELQ-ի հետ զրույցում պատգամավորը հավաստիացրեց՝ առաջիկայում անունը, ինչպես նաև կուսակցության անդամների մասին կհայտարարի: Ինչպես նաև՝ ապագային միտված ծրագրերի մասին: -Պարոն Բաբայան, ինչո՞ւ որոշեցիք կուսակցություն ստեղծել և ի՞նչ խնդիր է այն լուծելու Հայաստանի ներքաղաքական կյանքում: -Մեր երկրում, կարծում եմ, պետականամետ մարդկանց կուսակցություն է պետք, մենք ունենք դրա անհրաժեշտությունը։ Կուսակցություն ,որը կմասնակցի բարեփոխումների իրականացմանը և կսատարի երկրի գլխավոր գերագույն հրամանատարին։ -Արդյոք հանրությանը ծանոթ մարդիկ կլինեն նոր կուսակցության կազմում: Եվ հնարավո՞ր է Ձեր կողմից ստեղծվելիք կուսակցությունում լինեն նախկին ԲՀԿ-ականներ: -Մարդկանց մասով՝ շուտով։ Բայց ասեմ, որ արդեն իսկ շատ անհատներ են միանում։ -Կուսակցության ստեղծումը միտված է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությա՞նը: -Ռեֆորմիստների կուսակցությունն անպայաման մասնակցելու է ԱԺ 2017 թ ընտրություններին։ -Պարոն Բաբայան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու Ձեր որոշումը համընկավ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու մտադրության հետ: Եղե՞լ է, արդյոք, իր կողմից առաջարկ, որպեսզի Դուք էլ համալրեք դրա շարքերը, թե ԲՀԿ-ից դուրս գալու որոշմանը զուգահեռ արդեն գաղափար կար ստեղծել քաղաքական նոր ուժ: -Ես պարոն Օսկանյանի հետ վերջին անգամ զրուցել եմ 2015 մարտին։ Իհարկե ոչ՝ նման առաջարկ չի եղել։ ԲՀԿ-ից իմ դուրս գալն իմ անձնական որոշումն է եղել. սա առաջին հերթին: Իսկ երկրորդը՝ նոր ուժ ձևավորելու հարցն առաջացել է իմ կողմնակիցների և համակիրների կողմից, ես նման ձգտումներ չեմ ունեցել: -Իհարկե դեռ շուտ է խոսել ընտրությունների մասին, առավել ևս, որ կուսակցությունը դեռ ձևավորման փուլում է, բայց այդուհանդերձ՝ ո՞ր տարբերակն է Ձեզ համար նախընտրելի՝ միայնակ մասնակցել ընտրություններին, թե դաշինքով: Հատկապես, որ բոլոր նրանք, ովքեր նոր կուսակցություն են ստեղծել ու մասնակցության հայտ ներկայացրել, Ձեր նախկին կուսակիցներն են ու գործըներները: -Դեռ վաղ է խոսել, իհարկե, բայց մի բան հստակ է՝ իմ նախկին գործընկերների հետ չեմ պատրաստվում գնալ ընտրությունների։ Զրուցեց Լիա Խոջոյանը