Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մինսկ, ուր նույն օրը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդման, նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Մինսկում նոյեմբերի 30-ին կայանալու է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների գագաթաժողովը: Տրամաբանական է, որ Նալբանդյանից բացի Մինսկ է մեկնելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՀԱՊԿ գագաթնաժողովին կամփոփվեն դաշինքում 2017 թվականին Բելառուսի նախագահության արդյունքները: Կընդունվեն մի շարք որոշումներ տարբեր ուղղություններով: ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները կքննարկեն արդի խնդիրները, գլոբալ մարտահրավերները և կազմակերպության հետագա գործունեությունը` իբրև տարածաշրջանի հզոր կազմակերպության, որ ապահովում է անվտանգությունը: Նախատեսվում է նաև նախագահների կողմից ընդունել հռչակագիր, նվիրված ՀԱՊԿ ձևավորման 15-ամյակին: Ինչպես նաև, նախագահները կքննարկեն մինչև 2025 թվականը կազմակերպության կոլեկտիվ անվտանգության պլանի նախագիծը: 2017-2018թթ-ին ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանին: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ըստ այդմ, կներկայացնի կազմակերպության առաջնահերթություններն այդ ժամանակահատվածի համար: