Բաքուն «սև ցուցակ»-ում կներառի Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի լրագրողների
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանսիացի երեք լրագրողների, ովքեր Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին այցելել են Արցախ:
«Հայաստանը գագաթնաժողովի շեմին կազմակերպել է մի շարք լրագրողների այցեր Ադրբեջանի գրավյալ տարածքներ, Ժան կուշները, Ֆրանսուա Դոստը և Հաջիջա Ռիդուան, ովքեր գնացել են Ղարաբաղ, կներառվեն Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, գրում է Ազատությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարաությունը «սև ցուցակ»-ում էր գրանցել նաև ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, գրող Լյուդմիլա Ուլիցկայային, «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերին, ովքեր Արցախ էին այցելել Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում: