ԱՊՀ ՄԽՎ-ն՝ որպես միջազգային կազմակերպություն, պետք է հստակ հանդես գա հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ այս տարի լրացել է ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակը և ընդգծել, որ միջխորհրդարանական վեհաժողովը մեծ դեր է ունեցել նաեւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Նշելով, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության եւ առհասարակ «ցեղասպանություն» երեւույթի դատապարտումը:«Միայն դատապարտելով կարող ենք կանխարգելել մարդկության նկատմամբ նոր հանցագործությունների իրականացումը: Այստեղ տեղին է հիշել Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Համոզված եմ, որ մենք պետք է դատապարտենք եւ՛ թուրքական ժխտողականությունը, եւ՛ ֆաշիզմի հերոսացման փորձերը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: