Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունն այն մասին, որ Վրաստանում կստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի Հայաստանը դեպի ՌԴ ելքեր ունենա, վրդովվեցրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:Մասնավորապես, Միլի մեջլիսի պատգամավորները առաջարկում են պաշտոնապես իրենց բողոքը հայտնել, քանի որ Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն ունեն խոշոր նախագծեր և Ադրբեջանը, ըստ այդմ, չպետք է ձևացնի, թե ոչինչ չի պատահել: Առաջարկ է հնչել նաև Ադրբեջանում Վրաստանի դեսպանին կանչել ԱԳՆ և բացատրություն պահանջել: Արդյունքում առաջարկվել է բարեկամության խմբին հանձնարարել ուսումնասիրել այս խնդիրը. «Գուցե Վրաստանում ոմանք ուզում են փչացնել մեր հարաբերությունները: Բայց ես հավատում եմ, որ Վրաստանի կառավարությունը այդ քայլին չի գնա: Մենք երկաթգիծ ենք կառուցել մինչև Կարս: Վրաստանը շահեկանորեն օգտվում է դրանից: Կհանձնարարենք ուսումնասիրել»,- ասել է խորհրդարանի խոսնակը: Ավելի վաղ VERELQ տեղեկացրել էր, որ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում հայտարարել էր, որ Վրաստանը պայմանագիր է կնքել Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության, որը ենթադրում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն: Սակայն այն գործելու է Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում: Վարչապետը նաև նշել էր, որ համաձայնագիրը Թբիլիսիի շահերից է բխում: