Հայ-թուրքական սահմանին՝ Կարսի կողմից, սահմանախախտության միանգամից երկու դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին: Աղբյուրը նշում է, որ Կարսի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրող գյուղացիները պատահմամբ հայտնվել են ռազմական գոտում և հայտնաբերվել հայաստանյան կողմի սահմանապահների կողմից: Չորս սահմանախախտները գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում: Նույն օրը հայտնաբերվել է ևս մի սահմանախախտ, որը, ըստ թուրքական լրատվամիջոցների, գետում ձուկ բռնելիս է եղել: Վերջինս, սակայն, ռազմական գոտի չի հասել: Ավելի ուշ երկու կողմերի սահմանապահների բանակցությունների արդյունքում սահմանախախտները հանձնվել են Դիգորի զորամաս: