16.05.2025
Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը. Զալկալիանի
28.06.2018
Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը. Զալկալիանի

Թբիլիսիում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը այսօր հանդիպել է Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Դեսպանատան մամւոլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սադոյանը շնորհավորել է Զալկալիանիին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը: Դեսպանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք այն ընձեռում է։ Նախարարը նշել է, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը՝ բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը: Սադոյանը ներկայացրել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի վերաբերյալ մանրամասներ, Զալկալիանին նշել է, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով: Դեսպանն ընդգծել է Հայաստանի քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, ընդգծելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը: Շաբաթասկզբին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ: Հիշեցնենք, Վրաստանի նոր կառավարությունը գլխավորում է Մամուկա Բախտաձեն, նա վարչապետի պաշտոնում Գիորգի Կվիրիկաշվիլիին փոխարինեց այս ամիս: