25.11.2024
Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հրաժարվել «փրթել-թափել, ծեփել-փշրելու» գործելաոճից. Կարապետյանի պայմանը Փաշինյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանը առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տեւել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ապա ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։ Զրույցի ժամանակ քննարկվել է «Տաշիր գրուպի» կողմից նոր նախագծեր իրականացնելու, ներդրումներ անելու հարցը։ Կարապետյանը, մեզ հասած տեղեկություններով, նկատել է, որ ներդրումներ ակնկալելու համար Փաշինյանը պետք է հրաժարվի «փրթել-թափելու, ծեփել-փշրելու» գործելաոճից։ Եվ չնայած դրան, համաձայնել է ընդառաջել ՀՀ իշխանություններին եւ մոտ ապագայում հնարավոր է կրկին վերցնի ԲԷՑ-ը, որը նոր իշխանությունները մեկ տարի առաջ վերցրին նրա ձեռքից, քանի որ պայմանագիրը վերջնականապես դեռ կնքված չէր։ Այն ժամանակ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ պետությունը նպատակահարմար է համարում չմասնավորեցնել Բարձրավոլտ էլեկտրացանցերը։ Փաստորեն, 1 տարի անց կտրուկ փոխվել է վերաբերմունքը։ Նախօրեին Արարատ Միրզոյանը Կարապետյան-Փաշինյան հանդիպման մասին խոսելիս ակնարկեց այդ մասին․ «Քննարկվել է նաեւ նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»: Եվ շեշտեց, որ մանրամասները չգիտի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեւ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործարար Լեւոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող եւ քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տեւել է չորսուկես ժամ։ Լեւոն Մարկոսի պահանջն ուղղված է նաեւ դատարանի 2002 թ. վճռի եւ պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետեւանքով հարկադիր վաճառված «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երեւանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) եւ մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Սամվել Ալեքսանյանի դեմ»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին, որպեսզի իրեն առանձնացված զեկուցեն ՌԴ-ում տեղի ունեցող բացասական գործընթացների, կենտրոնական իշխանության դեմ ուղղված գործողությունների, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի վարկանիշի հետ կապված տեղեկությունները: Հատկապես կարևորվում են հակակառավարական ցույցերի, բողոքի ակցիաների դինամիկայի մասին առանձին տեղեկանքները: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչի հետ է կապված այսպիսի ընդգծված ուշադրությունը, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանության մեջ ոմանք ոգևորությամբ են ընդունել Պուտինի վարկանիշի հետ կապված վերջին սոցհարցումների տվյալները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միեւնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռեւս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, առաջնորդվում են նեղանձնային շահերով, զուրկ են թիմային մտածողությունից։ Ասել է, որ այդպես շարունակվել չի կարող, իսկ ով կշարունակի, տեղ չի ունենա իրենց թիմում։ Անուններ չեն հնչել, բայց բոլորը հասկացել են, որ խոսքը նախեւառաջ Սասուն Միքայելյանին է ուղղված, ով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իրենց թեկնածուի համար մատը մատին չխփեց։ ՔՊ-ում կարծում են, որ կուսակցության երիտասարդների խումբն աշխատել է հնաբնակների դեմ՝ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, նրանց դեմ լուրջ «հակաքարոզչություն» է իրականացվել, որի պատասխանատուն եղել է Վիլեն Գաբրիելյանը՝ ֆեյսբուքյան հայտնի Նավակ ճոճողը, որն այդ աշխատանքն իրականացնելիս ներկայացրել է, թե ունի Փաշինյանի «դաբրոն»։ Քարոզչության լեյտմոտիվն էլ եղել է՝ թե այս մարդիկ արդեն շատ են մեծամտացել, եւ նրանց պետք է իրենց տեղը ցույց տալ։ Ուշագրավ մթնոլորտ է եղել նոր վարչության անդրանիկ նիստում․ երբ քննարկել են նախագահի հարցը, բոլորը միաբերան առաջարկել են Փաշինյանին, սակայն վերջինս ասել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում, ապա վարչության անդամների մեծ մասն առաջ է քաշել Սուրեն Պապիկյանի թեկնածությունը։ Արարատ Միրզոյանին առաջարկել է միայն Մխիթար Հայրապետյանը, Միրզոյանը եւս ինքնաբացարկ է հայտնել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչեւ սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի եւ հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման: Ի դեպ, նախօրեին այս մասին թեթեւակի ակնարկեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը: Նշենք, որ դեռեւս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որեւէ վարկի ներգրավմանը եւ դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում: Թերթին հասած տեղեկություններով, խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանի վրա։ Արդարադատության նորանշանակ նախարարին, որը մոտ մեկ տարի ՊԵԿ նախագահի տեղակալ էր աշխատում, երեկ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով հրաժեշտ է տվել։ Միանգամայն հասկանալի է պարոն Անանյանի ուրախությունը՝ աշխատակազմում խոսում էին, որ նա վերադասի «աչքն ու ականջն» է ՊԵԿ-ում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նախագահի հրամանով արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեև համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է: Ուշագրավ է, որ արդարադատության նախարարությունը մշտապես համագործակցել է «Կոնցեռն դիալոգ»-ի հետ և «ամենայուղոտ» գործերը «պաս» տվել հենց Քոչարյանի փաստաբանի ընկերությանը: Նշենք, որ Բադասյանը մասնագիտացված է հարկային իրավունքի, տնտեսական հանցագործությունների ոլորտում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցանկացել է մեկնել Հայաստանից: Գեւորգյանը օդանավակայանի աշխատակիցներին ներկայացրել է դատարանի որոշումը, որ ինքը երկիրը լքելու թույլտվություն ունի: Սակայն Գեւորգյանին արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ բացատրելով, որ արգելքը իշխանության բարձր օղակներից է, եւ այդ դեպքում դատարանի որոշումը առ ոչինչ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների հետեւում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է եւ գործում է նրա հովանավորությամբ: Հակոբյանն ինքն է բոլոր նորմատիվները խախտելով՝ 70 տարուց ավելի գոյություն ունեցող ֆերմայի շրջակայքի հողերը վաճառել: Հիմա էլ ուզում է զավթել 4,5 հա տարածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում էլ է արել: Հակոբյանին թվում է, թե ճանապարհ փակելով՝ իրեն կհաջողվի սեփականության ապօրինի վերաբաշխում իրականացնել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը, որի անունը նախաքննական մարմինը գաղտնիք է պահում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, ով ընդամենը 2 տարի է աշխատել ոստիկանության զորքերում, որից հետո տեղափոխվել է ոստիկանության այլ ստորաբաժանում, իսկ ներկայումս, ըստ լուրերի, համակարգում չի աշխատում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ըստ դատավորների` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամների հրաժարականներից հետո ԲԴԽ-ում մնացել են 4 հոգի, եւ քվորում չի լինում, ու այս իրավիճակում դատական իշխանության գործունեությունը դրվում է հարվածի տակ: Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը, քանի որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորների ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ: Մինչ օրս Ազգային ժողովում դեռեւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է, նրան էլ դեռ չեն ընտրել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ դատավորների ժողով չի անում, եւ ԲԴԽ-ն, որի օրակարգում բազում հրատապ հարցեր կան լուծելու, ըստ էության, կազմալուծված է: Դատավորներն անգամ մտավախություն ունեն, որ աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թեեւ դատական դեպարտամենտից «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրին, որ այդպիսի բան չի լինելու»: