Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը երկրի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջին օրերին Ստեփանակերտում տեղի ունեցող զարգացումների ֆոնին հրաժարականներ սպասվում էին, բայց ի՞նչ զարգացումների դրանք կբերեն:Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և «զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում և գնահատականների խստության հարցում նրանք ոչ մի սահմանափակում չունեն։ Ըստ քաղաքագետի՝ նպատակն էլ ակնհայտորեն մեկն է` օգտվել վերջին օրերին դրսևորված հասարակական դժգոհություններից և փորձել Արցախում քաղաքական իրավիճակ փոխել։ Մելիք-Շահնազարյանն, ի դեպ, չի բացառում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել այդ շարժումը։ «Ամեն դեպքում, Արցախում հիմա կարևոր զարգացումներ են։ Որպես նոր Պետնախարարի թեկնածու շրջանառվում է ԱՀ ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանի անունը։ Թերևս հենց այդ փաստն է առիթ տվել արցախյան ընդդիմադիրներին խոսել «ռազմական խունտայի» մասին։ Բայց դա էժան սադրանք է։ Այն, որ Ղարամյանը շատ փորձառու, նվիրված ու հայրենասեր գործիչ է, բոլորը գիտեն։ Այո, կռված է, գեներալ է, հիանալի հրամանատար է և այլն։ Բայց այդ երբվանի՞ց են բոլոր այդ իրողությունները պախարակելի դարձել մեր մեջ»,- հարցադրում է հնչեցնում Մելիք-Շահնազարյանը։ Նաև հիշեցնում, որ Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունն է «ուժային», այնպես որ, կոչ է անում նա, պետք չէ էժան սադրանքներ հյուսել։
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշում է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ մեկնարկում է հետաքրքիր ու ակտիվ մի ժամանակաշրջան և քաղաքական կյանքում նոր զարգացումներ են լինելու: Բայց նա հրաժարվել է մեկնաբանել՝ հենց այդ զարգացումների կոնտեքստո՞ւմ է Արայիկ Հարությունյանի հրաժարականը եղել, թե ոչ:Հիշեցնենք, այսօր առավոտյան Արցախի պետնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Բակո Սահակյանին, որի հիմնավորումները կներկայացվեն ժամը 15:00-ին մեկնարկող մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք նաև, որ ըստ VERELQ-ի աղբյուրների՝ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: